Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը։
Նիստի մեկնարկից առաջ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ բարձր դատարանն իր խոսքը կասի` արդյոք կանոնակարգը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածենք կասենք` խնդիր չկար այդ փաստաթղթում»,– վստահեցրել է Դիլանյանը։
Կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է հնարավոր է, որ հետագայում խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։