AM
25 September 2024 - 06:41 AMT

Փաշինյանը՝ Բերսեին․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ, բայց դա չենք դարձնում բանակցային թեմա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Շեշտելով խաղաղության օրակարգին ՀՀ Կառավարության հավատարմությունը` վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար:

Խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը։

Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է քայլերն այդ ուղղությամբ:

Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ ի նպաստ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման:

Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանն ու ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։