ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հաջորդող ուսումնական տարիների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով:
2025-2026 ուսումնական տարվանից սկսած կրթաթոշակի հավակնության համար ամրագրվել է առաջադիմության շեմ (միջին որակական գնահատականի 75 տոկոս և ավելի տոկոս), ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարվանից սկսած սովորողին կրթաթոշակ տրամադրվելու է ըստ կիսամյակների:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ընդ որում՝ այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով: 2025-2026 ուսումնական տարվանից, այսինքն՝ հաջորդ ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի կամ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել ավելի լավ առաջադիմությունը, ինչը առաջին հերթին հենց մեր ուսանողներին թույլ է տալիս ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ լինել իրենց նախընտրած ոլորտում: Կարևոր է, որ այս փոփոխություններով հանում ենք նաև ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը»։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ աջակցությունը տարածվելու է նաև այս տարի բուհեր ընդունված, ինչպես նաև քոլեջներ ընդունված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակից ուսանողների համար: Այն կվերաբերի շուրջ 180 ուսանողի: Վերջիններս նույնպես այս տարի այս նույն պայմաններով կունենան հնարավորություն՝ ուսման վարձի փոխհատուցում ստանալու կրթաթոշակի տեսքով, և նրանց համար նույնպես հաջորդ տարվանից կգործի ՄՈԳ-ի շեմը:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։