Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։
Նա նաև նշել է՝ եթե ՀՀ ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն։
«Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների առանցքային ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու փակուղին էր, բայց այսօր ուզում եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։
Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Մի քանի կոնկրետ պատճառներով: Բոլորովին վերջերս, օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Սա կողմերի միջև առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Բայց առավել էական է այն, որ այդ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք և առաջնորդվել դրանով:
Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար: Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն:
Մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին: Ադրբեջանի նախագահը և ես արդեն բազմիցս հայտարարել ենք, որ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է»,–ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության Համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները:
«Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա: Ինչո՞ւ ենք մենք նման առաջարկ անում։ Որովհետև չկա նախադեպ, երբ խաղաղության պայմանագիրը կամ որևէ այլ պայմանագիր կարգավորում է ամեն ինչ, լուծում բոլոր հարցերը, և դա հնարավոր էլ չէ գործնականում: Ցանկացած երկու երկիր ցանկացած պայմանագիր կնքելուց հետո նորանոր պայմանագրերի և պայմանավորվածությունների կարիք են ունենում հենց այս պատճառով: Ինչքան էլ համապարփակ լինի որևէ պայմանագիր, բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս հասցեագրվելու կարիք են ունենում։
Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չստեղծելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և այլ կարևոր դրույթներ են պարունակում:
Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը։ Նկատի ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե խաղաղության առկայությունն առաջարկվող Համաձայնագրի ստորագրմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, ինչն էապես կնպաստի մնացած խնդիրների լուծմանը»,–ասել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որն իբրև թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:
«Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Ասեմ ավելին, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ և սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին:
Բայց ուշադրություն դարձրեք. մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որ լուծում է խնդիրը և այդ ձևակերպումը հետևյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար»: Հետևաբար, պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար:
Երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետևյալ պատկերը: Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել: Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար:
Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի և այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, և հետևաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, իհարկե, կգործի Ադրբեջանի պարագայում»,–ասել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։