ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում նշել է՝ մեծ է ռիսկը, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյուն կլինի։
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա:
«Գլոբալ առումով դրանք Իրանի հետ առնչվող և, մեծ առումով, Իրանի դեմ գործողություններ են, որոնք բոլոր առումներով իրենց ազդեցություն են թողնելու Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա:
Պատահական չէ, որ Իսրայելի` միանգամից մի քանի երկրների տարածքում իրականացվող ռազմական օպերացիաների ֆոնին, Ադրբեջանը Իսրայելի հետ ռազմատեխնիկական նոր գործարք է կնքում, իսկ ադրբեջանական քարոզչական մեքենան նոր ակտիվություն է հաղորդում հակաիրանյան քաղաքականությանը:
Ադրբեջանի տարածքը, Իրանի դեմ իսրայելական տարբեր բնույթի և մասշտաբի օպերացիաների հարթակ է, որտեղից տարբեր շրջափուլերում հետախուզությունից մինչև կոնկրետ գործողությունների նախապատրաստման պրոցեսներ են գեներացվել և այն առավել վտանգավոր բնույթ կստանա Իրան-Իսրայել հարաբերությունների ուղիղ առճակատման պայմաններում:
Իսկ ներկայումս իրադրությունն առանց չափազանցության պայթյունավտանգ է:
Մեր ռեգիոնում պրոցեսները կտրուկ արագացել են և մեծ է ռիսկը, որը մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյունի կլինի:
Իսկ թե դա ուղիղ առումով ինչպես կարտացոլվի Հայաստանի վրա կամ ով, ինչպես մեզ կներքաշի դրանում, կապված է մեծ թվով գործոններից»,–ասվում է գրառման մեջ։
Սեպտեմբերի 27–ին Իսրայելի հարվածի արդյունքում Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան, որը ղեկավարում էր այդ կառույցը մոտ 30 տարի։ Կազմակերպության նոր առաջնորդ է ընտրվել սպանվածի զարմիկը՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինը։
Իսրայելական ավիացիան առաջին անգամ հարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի շենքին։ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել են իր երեք առաջնորդները։