Հայտնի բժիշկ, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց և բարերար Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ և 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում և կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ և հետո:
«Երբ Ռուբեն Վարդանյանը, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը և ես 2015 թ. համահիմնադրեցինք «Ավրորան»՝ ի պատիվ և խորին երախտագիտություն նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը՝ փրկելու մեր հայ նախնիներին, մենք այն պատկերացնում էինք որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տևած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը։ Ի պատասխան աշխարհում անընդհատ ծավալվող և բարդացող մարդասիրական ճգնաժամերի և «Ավրորայի» շոշափելի ազդեցությանը, մենք հիմա որոշել ենք ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը:
«Բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերի պայմաններում ես խոնարհվում եմ աշխարհի բոլոր անկյուններում աշխատող անհատ մարդասերների անձնուրաց ջանքերի առաջ եւ այն մեծ ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անձը մարդկության վրա։Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերն «Ավրորայում» իմ սիրելի ընկեր Նուբար Աֆեյանի հետ՝ ուշադրություն հրավիրելու նրանց վրա, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար, ինչպես նաեւ ընդլայնելու մարդասիրական շարժումն այս մեծագույն կարիքի ժամանակ»,- ասել է Էրիկ Էսրայիլյանը:
2024 թ. սեպտեմբերի 30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարևանությամբ, կբացի Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ: Այս արարողությանը ներկա կգտնվեն նաև Էրիկ Էսրայիլյանը և Նուբար Աֆեյանը: Այս քանդակը «Ավրորայի» երախտագիտության արտահայտումն է Ավրորա Մարդիգանյանին, որի խիզախությունն ու պատմությունը ոգեշնչել են նախաձեռնության համահիմնադիրներին: Բացի այդ, այս հուշակոթողը հարգանքի տուրք է նաև Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն նահատակների հիշատակին։ Բացման արարողությանը կհաջորդի մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որն ստեղծվել է նաև Էրիկ Էսրայիլյանի ջանքերով և պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին: