AM
1 October 2024 - 06:21 AMT

Երևանն ու Հռոմը «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Իտալիայի մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հռոմի գործընկերոջ` Ռոբերտո Գուալտիերիի հետ: Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Ստորագրված փաստաթղթով գործակցություն կծավալվի քաղաքային կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության ու մշակույթի և մի շարք այլ ոլորտներում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Կարևորելով երկու երկրների միջև առկա տնտեսական ու մշակութային ամուր կապերը` կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցությունը ևս զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի:

Ռոբերտո Գուալտիերիին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերը` Տիգրան Ավինյանը նշել է, որ նախաձեռնված բարեփոխումների հիմքում հիմնարար լուծումներ առաջարկելն ու բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովումն է:

Ավինյանը Հռոմի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան։