Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում առավոտյան աշակերտներին տարհանել են, երեխաներն այժմ դպրոցի բակում են։ Այդ մասին ասել են այս մասին դպրոցից, հայտնում է Factor.am-ը։
7-րդ դասարանի աշակերտներից մեկը գազային նյութ է փչել, որի հետևանքով որոշ երեխաների մոտ շնչառական խնդիրներ են առաջացել։ Դպրոցից փոխանցել են, որ անմիջապես ոստիկանություն, փրկարար ծառայություն և ԱԻՆ են զանգահարել։ Ոստիկաններն այժմ տնօրենի սենյակում են և անհրաժեշտ գործողություններ են իրականացնում։
«Մենք այդ նյութը նկարել ենք և անմիջապես փրկարար ծառայություն ենք ուղարկել, ասել են՝ մի անհանգստացե՛ք, այդ նյութի ազդեցությունը 20 րոպե է տևում և վտանգավոր չէ։ Այնուամենայնիվ, ասեցինք, որ գան դպրոցի շենքն ախտահանեն, նոր երեխաները ներս մտնեն։ Երեխային հարցրեցինք՝ ինչ է, ասում է, իբրև, դա գնել է, փոքրիկ իր է, փչովի, նյութի բաղադրությունը գրված էր վրան։ Հիմա ոստիկանները տեղում են և թող պարզեն՝ ինչ է եղել»,- նշել են դպրոցից։
ՆԳՆ ոստիկանությունից էլ Factor.am-ին հայտնել են, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։ Իրավապահ կառույցից նշել են, որ անչափահասը ներկայացվել է ոստիկանության կենտրոնական բաժին, հանգամանքները պարզվում են։