AM
3 October 2024 - 06:40 AMT

Բագրատ սրբազանը Հ1–ի եթերից դիմել է Փաշինյանին, գործարարներին, ժողովրդին

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոսպոս Բագրատ Գալստանյանը հոկտեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավքից հետո, մասնակիցների հետ երթով շարժվել է դեպի Հանրային հեռուստատեսություն։ Նա ուղիղ եթեր էր պահանջում իր ուղերձը հնչեցնելու համար։

Հանրայինը, արձագանքելով սրբազանի հայտարարությանը և նշելով, որ շարժման մեկնարկից ի վեր «բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում», հայտնել է, որ պատրաստ է հարցազրույց անցկացնել Գալստանյանի հետ։ Սրբազանը պատասխանել է, որ հարցազրույցների ժամանակն անցել է, սակայն ի վերջո համաձայնել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին՝ սկզբում հնչեցնելով իր ուղերձը։

Հանրայինի եթերից դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բագրատ սրբազանն ասել է, որ «այս չարիքի իշխանությունը վերջ է տրվելու»։ Ժողովրդին նա կոչ է արել արթնանալ, սթափվել։ Սրբազանը հայտարարել է, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հեռացրել նրան իշխանությունից։

Նա կոչով դիմել է նաև գործարարներին՝ զգուշացնելով, որ լռելու իրավունք չունեն, քանի որ հայրենիք են զիջելու։

«Շատերիդ համար հայրենիքը ձեր ունեցվածքն է, բայց դա կորցնելու եք՝ աչքի առաջ ունեցեք Արցախը, տեսաք, թե ինչ եղավ Արցախում»,– ասել է նա իր ուղերձում։

Սրբազանը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18․00-ին, սպասում է ժողովրդին Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի կունենա մեծ հանրահավաք։

Արդեն Ղազարյանի հետ հարցազրույցում, պատասխանելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին հարցին, ասել է, որ այդ փաստաթուղթն ամոթի, խայտառակության փաստաթուղթ է, իսկ չեղարկելու են, թե ոչ, իրենց «իմանալիքն է»։

Սրբազանը նաև մանրամասներ չի հայտնել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների վերաբերյալ՝ նշելով, որ եթե պետք լիներ, կհայտարարեին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, որը հետագայում ստացավ «Սրբազան պայքար» անվանումը, ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ապրիլին Տավուշից մեկնարկած սահմանազատման առնչությամբ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Դրան հաջորդեցին բողոքի ակցիաները, երթերը Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում, որոնց ինտենսիվությունը նվազեց հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց և 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վնասվածքներ ստացան։ Ամռան ընթացքում տարբեր քաղուժերի և մարզերում հանդիպումների ժամանակ Բագրատ սրբազանը խոստացել էր սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։