ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասել է` ՀՀ-ն կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի վերաբեյալ քննարկումները շարունակելու համար։
Այն հարցին, թե ինչու՞ Ադրբեջանը չի համաձայնում Հայաստանի այս տարբերակին՝ պատճառը ՀՀ Սահմանադրությո՞ւնն է, ԱԳ փոխնախարարը պատասխանել է, որ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են, հայտնում է «Փաստինֆոն»։
«Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, ըստ էության, արդեն իսկ պատասխան հնչել է, սահմանազատման կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշել է Կոստանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։