AM
3 October 2024 - 11:03 AMT

Կոստանյան․ Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա:

Այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք նման հարցի առաջքաշումը «կարմիր գիծ» դառնալ ՀՀ–ի համար, փոխնախարարը պատասխանել է. «Մենք մեր եթերը չպետք է օգտագործենք Ադրբեջանի այս կամ այն մտացածին թեզերը առաջ քաշելու համար», հայտնում է Sputnik Արմենիան։

Փոխնախարարը վստահեցրել է՝ խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում։

«Հանրությունից չի թաքցվում, երեկ էլ պարզաբանումներ հնչեցին։ Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, հանդիպումների վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ են գրվում, բովանդակություն մասին մշտապես տեղեկացնում են և՛ վարչապետը, և՛ ԱԳ նախարարը»,– ասել է նա։

Կոստանյանի խոսքով՝ այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու մնացած հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։

«Մենք կարծում ենք , որ խաղաղության պայմանագիրը հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»,– ասել է նա։

ԱԳ փոխնախարարը վստահեցրել է, որ հումանիտար բոլոր խնդիրները, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցը, ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում են, ու մշտապես, բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնում են այդ մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։