Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես բարձրաձայնվում է բոլոր հանդիպումների ժամանակ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա այդպես է պատասխանել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շրջանակում ընթացող բանակցություններում գերիների խնդրի բարձրաձայնման մասին հարցին, հայտնում է Արմենպրեսը։
«Դա բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ է, բայց կոնկրետ բանակցային փաստաթուղթ չեմ կարող նշել»,-ասել է Կոստանյանը։
Նա հավաստիացրել է, որ տարբեր քննարկումների ժամանակ այդ մասին մշտապես խոսվում է։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։