AM
3 October 2024 - 14:47 AMT

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը կհիմնանորոգվի

Առաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ասուլիսում հայտնել է, որ հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Սրա հետևանքով տասնամյակներ շարունակ անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ:

Միաժամանակ նշվել է, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում, հայտնում է Panorama.am-ը։

Հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները կընթանան երկու հիմնական փուլով. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:

Հիմնանորոգման նախագծում ներառված է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավումը` ներառյալ ջրամբարի և պոմպակայանի կառուցումը, ինչը կապահովի կաթիլային համակարգի գործարկումը: Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (այդ թվում՝ վարչական մասնաշենքի) հիմնանորոգման աշխատանքները, որոնք կսկսվեն 2025 թ. կեսից:

Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետներից մեկն է:

ԿԳՄՍՆ-ի հայտարարած բաց մրցույթում հաղթող է ճանաչվել միակ մասնակից ԲԻԴԵՔ ՍՊԸ-ն: ՀՑԹԻ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 743,034,625 ՀՀ դրամ։ Շինարարական որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: