AM
4 October 2024 - 10:25 AMT

300 մլն դրամի աջակցություն՝ Լոռու և Տավուշի տուժած տնտեսավարողներին

Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած տնտեսավարողներին աջակցության ծրագրի իրականացման համար կհատկացնի 300 մլն դրամ: Այդ մասին գործադիրը որոշում է կայացրել հոկտեմբերի 3–ի կառավարության նիստում։

Միջոցառումն առաջարկվում է ավելացնել էկոնոմիկայի նախարարության «Գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության» ծրագրում։ Շահառուների թիվը մոտ 150 է:

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը:

Տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ՊԵԿ-ը, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը՝ Քաղաքաշինության կոմիտեն: Ըստ նախարարի՝ առանձնացվել է տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր:

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։