AM
4 October 2024 - 15:17 AMT

ԱՆ․ Առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ

ՀՀ առողջապահության նախարարությունը սեզոնին ընդառաջ հիշեցբում է, որ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը։

Նշվում է, որ Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ:

Գրիպի դեմ պատվաստվելու համար կարելի է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ:

Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում`

  • անկախ հաշվառումից
  • քաղաքացիությունից:

Առաջնահերթություն է տրվում ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել`հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի են բնակչության մյուս խմբերի համար ևս:

Նշվում է, որ գրիպի պատվաստումները կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով: