AM
7 October 2024 - 07:00 AMT

Հոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը

Հոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» ակցիա կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ Այդ մասին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է հոկտեմբերի 6–ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ՝ նշելով, որ դրանից հետո կասի, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը։

«Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին բոլորիդ սպասելու եմ Դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Հոկտեմբերի 6–ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակիցները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթող շարժվել են դեպի Սահմանադրական դատարան և ակցիա իրականացրել։

Սրբազանը չի բացառել, որ հաջորդ քայլով գնան ՍԴ դատավորների տուն, որպեսզի նրանք զգան, որ «յուրաքանչյուր քաղաքական պաշտոն ստանձնած մարդ, ով կատարելու է օրենքից դուրս ծառայամիտ՝ այս չարիքի հրահանգները, պետք է զգա այդ ծանրությունն հենց իր վզին»։

«ՍԴ-ն որոշում է ընդունել, որով հիմք է ստեղծել Ադրբեջանի կողմից թելադրված պահանջները կատարելու, որոնք առնչվում են Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին»,-ՍԴ-ի դիմաց ասել է Բագրատ սրբազանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ՍԴ-ն ստեղծված է Սահմանադրությունը պաշտպանելու, ոչ թե մեկնաբանելու համար։

«Ալիևն իր բերանով ասաց՝ ուզեցինք՝ տվեցին, վերջ։ Հիմա ես գռեհկացնում եմ երևույթը, բայց այդպես ասաց։ Հնարավո՞ր է, որ պետությունն այդպես աշխատի, որ այս պահին սա ենք ուզում՝ մի քիչ հարմարեցրեք, մյուս պահին այն… Այդպես չի լինում»,-ասաց Սրբազանը և շեշտեց, որ սահմանազատում ասվածը պետք է լինի ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային բոլոր սկսբունքներին համաձայն՝ երաշխավորներով և միջնորդներով»,–ասել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, որը հետագայում ստացավ «Սրբազան պայքար» անվանումը, ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ապրիլին Տավուշից մեկնարկած սահմանազատման առնչությամբ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Դրան հաջորդեցին բողոքի ակցիաները, երթերը Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում, որոնց ինտենսիվությունը նվազեց հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց և 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վնասվածքներ ստացան։ Ամռան ընթացքում տարբեր քաղուժերի և մարզերում հանդիպումների ժամանակ Բագրատ սրբազանը խոստացել էր սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։