AM
16 May 2009 - 12:05 AMT

Մայիսի 16-ին Հայաստանում 23 թանգարաններ բաց կլինեն անվճար այցելության համար

Հայաստանն արդեն հինգերորդ անգամ մասնակցում է «Թանգարանների գիշեր» նախագծին, որը միաժամանակ տեղի է ունենում 40 երկրներում: Մայիսի 16-ին Երեւանի 17 (անկախ ենթակայությունից) եւ մարզերի` Սյունիքի, Շիրակի, Լոռու, Սիսիանի 6 թանգարանները անվճար, երեկոյան ժամը 18:00-24:00 իրենց հավաքածուների բացառիկ արժեքները հանրությանը կներկայացնեն անկրկնելի ու յուրօրինակ մտահղացմամբ: Այդ օրը «Թանգարանների գիշեր»-ին մասնակցող հանրապետության 23 թանգարաններում կանցկացվի 48 ինքնատիպ միջոցառում ու ցուցադրություն:

«Թանգարանների գիշեր» նախագիծը սկիզբ է առել 1999 թ.` գարնանային որեւէ կիրակի ֆրանսիական թանգարաններում հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարելու, Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով: Նախաձեռնությունը ստանում է «Թանգարանների գարուն» անվանումը, հետագայում վերանվանվելով «Թանգարանների գիշերի» եւ արդեն մեկ-երկու տարի անց գրավում Եվրոպական մշակութային կոնվենցիային /1954 թ., Փարիզ/ անդամակցող 39 երկրների ուշադրությունը եւ Եվրոպայի խորհրդի աջակցությունը: Նախագծի մտահղացումն, անշուշտ, կրում է տոնական շեշտադրում եւ հիմնականում միտվում է երիտասարդությանը` մշակութային ժառանգության հանդեպ նրանց հետաքրքրության բարձրացմանը: