Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի՝ WITSA ամենամյա մրցանակին այս տարի արժանացել է ամերիկահայ գործարար Գարո Արմենը։ Այդ մասին հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գրում է Արմենպրեսը։
«Մրցանակը շահում են նրանք, ովքեր մեծ ծառայություններ են մատուցում մարդկությանը կամ դառնում համաշխարհային նշանակության աշխատությունների հեղինակ։ Այդ մրցանակի դափնեկիրների թվում է, օրինակ, Նելսոն Մանդելան։ Այս տարի մեր ընկերությունը ներկայացրեց Գարո Արմենի թեկնածությունը և խորհուրդը հաստատեց այն։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է տարբեր նոմինացիաներով, սակայն գլխավոր մրցանակին արժանացել է մեր ամերիկահայ հայրենակիցը։ Նրա գործունեությունն ինքնին ունի մեծ նշանակություն։
Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով և մասնավորապես ստեղծել է դեղամիջոց, որն օգնել է ավելի քան հազար հիվանդների, ովքեր արդեն իսկ ապաքինվել են։ Դեղամիջոցի շնորհիվ բուժվել են նույնիսկ չորրորդ փուլի քաղցկեղով հիվանդները, որոնց մարմնում տարածված են եղել մետաստազներ։ Վեց շաբաթվա ընթացքում, ինչ հիվանդներն ընդունել են «Բոթբալ» կոչվող դեղը, քաղցկեղն ամբողջությամբ վերացել է»,- տեղեկացրել է Եսայանը։
Եսայանի խոսքով՝ տեխնոլոգիաների ասպարեզում հայկական մեծ սփյուռք կա, որտեղ կան հաջողված մասնագետներ և հայկական ընկերություններ, որոնք ունեն մեծ կապեր և կշիռ։ Ամենահայտնիներից է, օրինակ, «Սերվիս Տիտանը», որը հիմնադրել են Վահե Կուզոյանն ու Արամ Մահտեսյանը։ Այն մեծապես օգնում է հայաստանյան ստարտափներին՝ հասանելի ձայն ունենալու անհրաժեշտ տեղերում։
Եսայանն առանձնացրել է նաև Ռազմիկ Հովակիմյանին, ով ունի վենչուրային կապիտալ և կատարել է ներդրումներ՝ օգնելով բազմաթիվ հայաստանյան սկսնակ ընկերություններին։ Նա շեշտել է, որ սփյուռքը մեզ շատ է օգնում, ինչի շնորհիվ Հայաստանը՝ ի տարբերություն բազմաթիվ երկրների, դարձել է հասանելի և լսելի։