AM
7 October 2024 - 14:53 AMT

Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է

Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է. առաջիկայում վարչապետին և փոխվարչապետերին կներկայացվի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ռիսկերի կառավարման, կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը։

Նա նշել է, որ մասնավոր գործընկերոջից ստացած ամփոփ հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով և կառավարության համապատասխան որոշումը՝ քաղաքապետին լիազորություն տալու մասին արդեն շրջանառվել է, հայտնում է Արմենպրեսը։

«Նախագիծը երկու անգամ նախարարական կոմիտեում քննարկվել է, որի արդյունքներով պայմանավորված վարչապետի մոտ տեղի է ունեցել նիստ՝ Երևանի քաղաքաշինական ծրագրերի ներկայացման և քննարկման վերաբերյալ, որի առանցքային թեման Նորագյուղ քաղաքաշինական ծրագիրն է: Առաջիկայում վարչապետին և փոխվարչապետներին կներկայացվի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ռիսկերի կառավարման, կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան, որի շուրջ քաղաքապետի խորհրդականի հետ այս պահին աշխատում ենք»,-նշել է Բաբայանը:

Մարտին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախագծի հետ կապված հարցեր էր քննարկել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հետ, ովքեր խոշոր նախագծեր են իրականացրել բազմաթիվ երկրներում:

«Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով մենք նպատակ ունենք բեռնաթափելու քաղաքի փոքր կենտրոնն ու ձևավորելու նոր դիմագիծ ժամանակակից Երևանի համար»,- նշել էր քաղաքապետը: