AM
8 October 2024 - 08:48 AMT

ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։ Այն սկզբում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

ԱԺ-ից հաստատել են, որ կանոնակարգը ստացել են, հայտնում է Aysor.am-ը։

ԱԺ-ում այս հարցով զեկուցող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կանոնակարգը 7 հոդվածից է բաղկացած, որոնք հիմնականում վերաբերում են սահմանազատման տեխնիկական հարցերին։

Ըստ կանոնակարգի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, սակայն, նշվում է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը կարող է այլ սկզբունքներով ընթանալ։