AM
8 October 2024 - 11:21 AMT

Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք և 2․5 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ 29 անշարժ գույք, 8 իրավաբանական անձանցում մասնակցություն, 2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ:

Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: