AM
9 October 2024 - 09:38 AMT

WCIT 2024-ի հրավառությունն իրականացնողը ՆԳՆ-ից թույլտվություն չի ունեցել

WCIT 2024 միջոցառման շրջանակում, հրավառության ժամանակ, այն իրականացնող անձը չի ունեցել Ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված թույլտվություն։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ-ից, փոխանցում է Factor.am-ը։

Իրավապահ մարմնից նաև նշել են, որ թույլտվության չտրամադրման պայմաններում հրավառություն իրականացնելը իրավաչափ չէ, ինչի շրջանակում ՆԳՆ կողմից կձեռնարկվեն համարժեք միջոցներ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնել էր, որ Երևանի կենտրոնում WCIT-ի շրջանակում տեղի ունեցած համերգից հետո հրավառություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար քաղաքապետարան չեն դիմել: Նա հանձնարարել էր արձանագրություն կազմել՝ խորհրդակցելով ՆԳՆ-ի հետ:

Պետական կամ համայնքային միջոցառումների շրջանակներում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլտվություն տալիս է Ներքին գործերի նախարարությունը։