«Սրբազան պայքար» շարժման անդամներն ու աջակիցները ՀՀ դատախազության շենքի մոտ են հավաքվել։ Նրանք պահանջում են քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության հատկանիշներով։ Այդ մասին հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել լինել երաշխավորն Արցախի Հանրապետության, սական իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունը չի պաշտպանում Բաքվի բանտերում մեր հայրենակիցների իրավունքները։
«Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան»,–ասել է նա։
Բագրատ սրբազանի կողմնակիցները նաև հանդիպում են պահանջում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Շարժման անդամները պահանջում են նաև քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, ըստ որի` ՀՀ սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթները ճանաչվել են ոչ իրավական։
Բագրատ սրբազանը հրաժարվել է դատախազության այլ ներկայացուցչի հետ հանդիպումից։ Նա հայտարարել է, որ դատախազության ինչ–որ ներկայացուցիչ պատրաստ է ընդունարանում ընդունել «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներին, բայց առանց ԶԼՄ–երի, հայտնում է Sputnik Արմենիան։
«Եթե պաշտոնյայի, ծառայողի գիտակցությունն ունեք, ուրեմն վար իջեք ու պատասխանը տվեք այն հարցրերի, որոնք մենք այստեղ ներկայացրել ենք։ Այս գործերն ուղղված են հենց ՀՀ գլխավոր դատախազին, ու նա հենց պետք է պատասխանի։ Մենք սպասում ենք հենց նրան»,– հայտարարել է Բագրատ սրբազանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, որը հետագայում ստացավ «Սրբազան պայքար» անվանումը, ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ապրիլին Տավուշից մեկնարկած սահմանազատման առնչությամբ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Դրան հաջորդեցին բողոքի ակցիաները, երթերը Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում, որոնց ինտենսիվությունը նվազեց հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց և 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վնասվածքներ ստացան։ Ամռան ընթացքում տարբեր քաղուժերի և մարզերում հանդիպումների ժամանակ Բագրատ սրբազանը խոստացել էր սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։