AM
9 October 2024 - 10:43 AMT

Աբրահամյան․ Պետք է հասկանալ՝ մարտերի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք պիտի վերանայվեն

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինչպես աշխարհում կատարվող գրեթե ամեն բան, այնպես էլ մարտական գործողությունների վարման մեթոդները, ձևերը, մարտավարությունը պարբերաբար փոփոխության են ենթակա:

Նա նշել է, որ պետք է հասկանալ, թե մարտերի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք վերանայման են ենթակա։

«Վերոնշյալը վերաբերում է և´ պաշտպանական, և´ հակահարձակվողական, և´ հարձակվողական գործողություններին:

Նույն երկիրն այսօր և, պայմանական, 10 տարի առաջ, լրիվ այլ ձևով է մարտը վարում` զորատեսակների կիրառումից մինչև հատուկ գործողություններ կամ օպերացիաներ:

ԱԹՍ-ները, հեռահար ճշգրիտ/գերճշգրիտ համակարգերը, մոբիլությունը, պաշտպանական նոր կառույցներն ու ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմներին լրիվ այլ բնույթ են հաղորդում:

Ցավոք, վերջին 4 տարիներին, Հայաստանն ու Արցախը տարբեր մասշտաբի մարտական գործողությունների մեջ են ներքաշվել, որի դետալային վերլուծությունը հուշում է, թե մեր դեպքում ինչ նոր առաջնահերթություններ կան, մարտի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք վերանայման են ենթակա, որտեղ է ռազմական առումով Հայաստանի խոցելիությունը և ինչ պրակտիվ փոփոխությունների պետք է գնալ:

Առանց այս առանձնահատկությունների հաշվի առնման, ցաքուցրիվ, հատվածական, կիսատ-պռատ փոփոխությունները ոչ միայն մեզ ոչինչ չեն տալիս, այլ եթե նույնիսկ ռազմական բյուջեն ամեն տարի 10-15%-ով էլ ավելացվի, որևէ լուրջ խնդիր չի լուծվելու»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։