AM
11 October 2024 - 09:29 AMT

Քոչարյանը՝ դատավորին․ Եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով, կարող էի ընդհանրապես չգալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում, դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, հայտարարել է, որ եկել է՝ բարի կամք դրսևորելով։

«Հարգելի դատարան, ես ծանուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին։ Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության, ես կարող էի ընդհանրապես չգալ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ եկել է մեկ նպատակով՝ ցույց տալու, որ չի վախենում դատարանից, արդեն քանի տարի է՝ դատարանների հետ շփվում է։

Նա առաջարկել է շտկել ծանուցումը, դատավորն ասել է, որ այս պահին որևէ շտկում չեն անելու։

Քոչարյանը հայտարարել է, որ մտավախություն չունի, որ իրեն կրկին կկալանավորեն։

Դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան նա ասել է․ «Կապրենք, կտեսնենք», գրում է Sputnik Արմենիան։

Նույն հարցը լրագրողներն ուղղել են Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։

«Իրավական առումով թվում է, թե կալանավորելու հնարավորություն չեն կարող ունենալ, բայց վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք՝ իմ գործից սկսած մինչև շատ այլ գործեր… Մենք տեսանք, որ ինչ ուզեն՝ կարող են անել այս ամենաթողության շրջանում»,-հայտարարել է նա։

Նա հավելել է, որ դատապրոցեսից արդարություն ակնկալելը միամտություն է, առաջին հերթին հաշվի առնելով այն փաստը, որ գործը քննող դատավորը եղել է ՔՊ կուսակցության անդամ, ինչպես նաև պատգամավորի թեկնածու։

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։