Մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, որի նպատակը Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ հայ պատանդների, գերեվարված անձանց, անհետ կորածների ճակատագրերի հարցը բարձրացնելն է։
«Մենք նկատում ենք, որ որքան մոտենում է համաժողովի օրը, այնքան միջազգային դաշտում այս հարցով ակտիվություն նկատվում է։ Սա ժամանակահատված է, որ աշխարհի ուշադրությունտը դեպի Ադրբեջան է տանելու, և մենք պետք է այս ընթացքում պարտադրենք Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։ Հայաստանը պետք է առավել ակտիվ քայլեր ձեռնարկի միջազգային հարթակներում այս կարևոր հարցը բարձրաձայնելու համար»,-ակցիայի ընթացքում լրագրողներին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է, որ այս կարևոր հարցի մասին ուղղակի չի կարելի լռել, պետք է ամեն օր խոսել, աշխարհին պատմել, քանի որ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է։
«Մենք տեսել ենք, որ Մերձավորարևելյան հակամարտության պարագայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել պատանդներին ազատ արձակելու կոչով և հստակ պահանջով։ Նույնը պետք է լի նի նաև հայ գերիների մասով»,-ասել է Ստեփանյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներն ամփոփող նամակ են հանձնել ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։
Նրանք մտադիր են ակցիաները շարունակել նաև ՀՀ ԱԳՆ շենքի, ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիական և ԱՄՆ-ի դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Ստեփանյանն ընթերցեց ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակը, որում նշվում էր, որ միջազգային հանրությունն աչք փակեց Ադրբեջանի ՝ Արցախի 150,000 բնակչության հանդեպ կիրառած լայնածավալ ագրեսիայի վրա։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։