ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մինչև երկրի համար սպառնալիքները չվերանան, իր իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ։
Այն հարցին, թե Հայաստանի ղեկավարի պաշտոնին հավակնո՞ւմ է, Քոչարյանն պատասխանել է, որ չտես մարդիկ կարող են կպնել պաշտոնին և կարծել, որ դա իրենց կյանքի վերջին երազանքն է, հայտնում է Aysor.am-ը։
«Այդ հարցն ինձ համար հասկանալի չէ։ Ես 2008 թվականից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018 թվականին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։ Ես եղել եմ և՛ վարչապետի, և՛ նախագահի պաշտոնում, և այդ պաշտոններն այն քաղցրությունը չունեն, չտես մարդիկ կարող են կպնել դրանց և կարծել, որ դա իրենց կյանքի վերջին երազանքն է։
Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, որ ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն, մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11–ին մասնակցել է դատական նիստի։ Դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին՝ նա հայտարարել է, որ եկել է՝ բարի կամք դրսևորելով։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: