Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դատարանի որոշումները՝ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այդ մասին հայտնել է տուժողոների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։
«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հոկտեմբերի 7-ի և 11-ի որոշումներով Տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումները բեկանվել են, և քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին անգամ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը․․»,–ասվում է գրառման մեջ։
Ազատ գյուղի կացարանում հրդեհը տեղի էր ունեցել 2022-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը, ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը: Այնուհետև պարզ դարձավ, որ, ըստ պաշտոնական տվյալների, կացարանում հրդեհը բռնկվել է կապիտանի կողմից բենզինը վառարանը լցնելու հետևանքով։