Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Վարորդներն ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու։
«Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։
Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու»,–ասվում է գրառման մեջ։
Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ վերջին 4 ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հասույթը կազմել է երկու միլիարդ ութ հարյուր տասնյոթ միլիոն ՀՀ դրամ, ինչը դրան նախորդող 4 ամիսների համեմատ ավելացել է 3․9%:
Միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա աշխատանքային օրերին հավաքագրվող հասույթը օրական կազմել է 30-32 միլիոն դրամ։
Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղևորության վճարման համար նախատեսված ժետոններից և անցում կկատարի վճարման միասնական համակարգին։
Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս, որոնք աշնան ընթացքում կլինեն Երևանում:






