AM
15 October 2024 - 07:40 AMT

Սիմոնյանը՝ Քուրթուլմուշի հետ հանդիպման մասին․ Շատ կարևոր հանդիպում էր՝ քննարկել ենք խաղաղության գործընթացը

Հոկտեմբերի 14–ին Ժնևում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Սիմոնյանն այդ հանդիպումը շատ կարևոր է անվանել:

«Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ»,- գրել է Սիմոնյանը Տելեգրամի իր էջում։

Աժ նախագահը գրառում է կատարել նաև X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ քննարկվել է խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում։

«Բովանդակալից հանդիպում ունեցա Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Ես նաև ներկայացրեցի ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք պայմանավորվեցիքն շարունակել մեր շփումներն ու առաջ շարժվել»,–ասվում է գրառման մեջ։

Ժնևում նախատեսված էր նաև հանդիպում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն, ադրբեջանական կողմը չեղարկել է այն։