Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ՝ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Յակովելլին նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաև հայ ժողովրդի խաղաղության ու ժողովրդավարության ձգտումներին ցուցաբերած օժանդակության համար:
Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի դերը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման, ինչպես նաեւ եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրման հարցում:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ի դեմս Ադրբեջանի ճնշումների և տարածքային խնդիրրների։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանին՝ «ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»։






