AM
15 October 2024 - 10:28 AMT

Քոչարյան․ Զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակվում են

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, ասել է, որ զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակվում են։ Նա այդ մասին ասել է «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժերում արձանագրվող սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք կկազմակերպենք հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային քննարկում, որը վերաբերում է Զինված ուժերին և այնտեղ կատարվող ցավալի դեպքերին, որոնց լուծումը գտնված չէ։ Գիտենք պատճառները, բայց լուծումներ գտնելը կախված զինված ուժերում բարեփոխումների արդյունքում արձանագրված հաջողություններից։ Այսօր զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել։ Եվ դա ոչ միայն մտահոգիչ է, դրա լուծումները գտնելը բոլորիս առաջնային նպատակներից մեկն է»,- ասել է Քոչարյանը։

Իրավապաշտպանները նշում են, որ բանակում ոչ մարտական մահվան դեպքերն ավելացել են։ Հոկտեմբերին 2 այդպիսի զոհ է եղել։ ։

Հոկտեմբերի 6-ին ՊՆ–ն հաղորդեց, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, ինչից հետո իրավապահներն առաջ քաշեցին ինքնասպանության վարկածը։

Հոկտեմբերի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։