AM
15 October 2024 - 12:46 AMT

ԱԺ նախագահ․ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են:

Նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին: Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար»,–ասել է Սիմոնյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։