Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման օրակարգի վերաբերյալ հարցեր:
Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և ընդհանուր իրադրության շուրջ: Այս համատեքստում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է Ղազախստանի պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում հարթակ տրամադրել խաղաղության օրակարգի առաջմղման համար, ինչպես նաև ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևորությունը:
Ընդգծվել է երկու երկրների փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ ջանքերի խթանման կարևորությունը: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան և մոտ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ղազախստան։
Տոկաևը նշել է նաև, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, և այս համատեքստում՝ երկկողմ հարաբերությունների համար ձևավորվել է ամուր ինստիտուցիոնալ հիմք։
«Առևտրատնտեսական փոխգործակցությանը զուգահեռ՝ մեր ժողովուրդների միջև ակտիվորեն զարգանում են մշակութային և հումանիտար կապերը ։ Անցյալ տարի Երևանում կայացան Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի նախատեսվում է Ձեր երկրում կազմակերպել Ղազախստանի մշակույթի օրեր։ Այսօր արդեն մենք հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայկական մշակույթի օրերին նվիրված միջոցառումը»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Զրուցակիցները կարևորել են տնտեսական, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում շարունակական համագործակցության ընդլայնումը:
Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:
2024-ի մայիսի 10-11-ը Ղազախստանի միջնորդությամբ Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարնների բանակցություններ են տեղի ունեցել։