AM
15 October 2024 - 13:10 AMT

Ռյուտե․ ՆԱՏՕ–ն ամեն ինչ կանի, որ Պուտինը չհասնի իր նպատակներին Ուկրաինայում

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը չի վախենում Ռուսաստանի սպառնալիքներից և կշարունակի ոաջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որը պաշտպանվում է ՌԴ ներխուժումից։ Նա այդ մասին ասել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում գտնվող Ուկրաինային օգնության կենտրոնակայան իր առաջին այցի ժամանակ։

«Մեր ուղերձը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին) այն է, որ մենք կշարունակենք անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի նա չհասնի իր նպատակներին և Ուկրաինան հաղթի»,- ասել է նա Reuters-ին և Hesse Radio-ին տված հարցազրույցում, գրում է Deustche Welle-ն։

Ակնկալվում է, որ Վիսբադենի համալիրն աստիճանաբար կստանձնի Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության համակարգումը և այնտեղ ՆԱՏՕ–ի 700 սպա կտեղակայվի։

Ռյոտեին չի մտահոգում այն հանգամանքը, որ Վիսբադենը կարող է պոտենցիալ թիրախի վերածվել։

«ՆԱՏՕ–ն կպաշտպանի իրեն, հենց որ որևէ մեկը մատն անգամ շարժի։ Ես արդեն շատ տարիներ է, ինչ չեմ փորձում հասկանալ, թե ինչ է մտածում Պուտինը»,–ասել է նա։

Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 1–ին է ստանձնել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին, որը ղեկավարում էր կառույցը 10 տարի։