AM
15 October 2024 - 14:36 AMT

Դատախազ․ 2024–ին զինծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել, որից 4–ը՝ հակառակորդի կողմից

2024–ի ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ։

Նա նշել է, որ այդ դեպքերից 4–ն է հակառակորդի կրակոցից, հայտնում է Արմենպրեսը։

«Դրանից 6-ը՝ սպանություն է, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն է, 4-ը՝ ավտովթարի հետևանքով գրանցված դեպքերն են, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել, թռչող սարքերի կամ թռիչքների նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք է գրանցվել։ Գրանցվել է նաև դժբախտ պատահարի մեկ դեպք և հիվանդության 3 դեպք»,- ասել է Վարդապետյանը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, ասել է, որ զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակվում են։

Իրավապաշտպանները նշում են, որ բանակում ոչ մարտական մահվան դեպքերն ավելացել են։ Հոկտեմբերին 2 այդպիսի զոհ է եղել։ Հոկտեմբերի 6-ին ՊՆ–ն հաղորդեց, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, ինչից հետո իրավապահներն առաջ քաշեցին ինքնասպանության վարկածը։

Հոկտեմբերի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։