Քննչական կոմիտեն 44–օրյա պատերազմի վերաբերյալ վարույթի շրջանակում 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան: Այդ մասին հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվել է, թե 44–օրյա պատերազմի քրեական վարույթն ինչ ընթացքում է, գրում է Արմենպրեսը։
Քյարամյանը տեղեկացրել է, որ իրականում մեկ վարույթ չէ, ամենասկզբից որոշել են տարանջատել սպայական կազմի և շարքային, պայմանագրային անձնակազմի վերաբերյալ վարույթները:
«Սպայական կազմի վերաբերյալ վարույթները բերեցինք Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն: Քննությունը 7 ուղղությունով է ընթանում: Բոլոր ուղղություններով արդեն ավարտական տեսք ունենք: Իմ տեսանկյունից՝ բոլոր ուղղություններով ունենք վերջնական արդյունքներ: Շուրջ 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր ենք ուղարկել դատարան»,–ասել է Քննչական կոմիտեի նախագահը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ սանձազերծեց Թուրքիայի աջակցությամբ և լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի դեմ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ՝ հրթիռակոծելով նաև խաղաղ բնակավայրերը։ Երկու կողմը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմը տվել է 3830 զոհ։
Ադրբեջանին հաջողվեց գրավել Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ, որով Ադրբեջանին անցան Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի քանի շրջաններ, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։ Ռուս խաղաղապահներ տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով: