ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին:
Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը երկու երկրների համար:
Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը և գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Նա հայկական կողմի առաջարկն անիրատեսական է անվանել։