AM
16 October 2024 - 13:20 AMT

Freedom House. Համացանցի ազատության ցուցանիշով ՀՀ-ն ազատ երկիր է, Ադրբեջանը՝ ոչ ազատ

Հայաստանը համացանցի ազատության ցուցանիշով 100-ից հավաքել է 74 միավոր և դասվում է ազատ երկրների շարքին։ Զեկույցն ընդգրկում է 2023 թվականի հունիսից մինչև 2024-ի մայիսն ընկած ժամանակահատվածը։ Այդ մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2024 թվականի զեկույցում։

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը հիմնականում կենտրոնացած է 2003 թվականից նախագահ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում: Կոռուպցիան համատարած է, իսկ ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Ադրբեջանը 34 միավորով ոչ ազատ երկրների շարքում է։ հայտնում է Factor.am-ը։

Վրաստանը նույնպես 74 միավորով ազատ երկրների շարքում է, իսկ ահա Իրանն ու Թուրքիան, համապատասխանաբար, 12 և 31 միավորներով ոչ ազատ երկրների թվում են։

Նշվում է, որ Հայաստանի առցանց միջավայրը մնում է բաց, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքերը կամ սոցիալական մեդիա հարթակները։ Սակայն կառավարությունը ձերբակալել է մարդկանց՝ առցանց հարթակներում կառավարությանը քննադատելու համար, և երկրում անհատները հաճախ են ենթարկվել լրտեսող ծրագրերի հարձակումների:

Հաշվետու ժամանակահատվածում կայքերի կամ սոցիալական մեդիա հարթակների արգելափակումներ չեն արձանագրվել՝ ի տարբերություն լուսաբանման նախորդ շրջանների։ 2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են խուլիգանության մեղադրանքով և դատապարտվել երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորող դրվագ հրապարակելուց հետո։

Նշվում է, որ 2023-ի դեկտեմբերին կառավարությունը կյանքի է կոչել ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և գործողությունների ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել կառավարության ու մասնավոր հատվածի կարողություններն այս ոլորտում և հետագայում խթանել մեդիա գրագիտությունը:

Ընդգծվում է նաև, որ 2024 թվականի հունվարին Anonymous Russia հաքերային խումբը DDoS հարձակումներ է իրականացրել մի քանի կայքերի դեմ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, բանկերի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների:

Կազմակերպությունը նշում է՝ Հայաստանը զգալի անցում է ապրել 2018-ի զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո, որոնք դուրս են մղել արմատացած քաղաքական էլիտային։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է լուծել երկարամյա խնդիրները, այդ թվում՝ համակարգային կոռուպցիան, անթափանցիկ քաղաքականությունը, թերի ընտրական համակարգը և օրենքի թույլ գերակայությունը։

«Երկիրը լրջորեն տուժել է Ադրբեջանի ռազմական ճնշումից։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությունը, որը փաստացի անկախություն էր վայելում Ադրբեջանից 1994 թվականից, բռնի ուժով տեղահանվել է Հայաստան այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը հաղթեց տեղական պաշտպանական ուժերին և ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրեց տարածքը»,- ասվում է զեկույցում։

Ադրբեջանի մասով նշվում է նաև, որ այդ երկրում համացանցի ազատությունն ավելի է նվազել՝ հաշվետու ժամանակահատվածում ակտիվիստների և անկախ լրագրողների զանգվածային ձերբակալությունների պատճառով, ինչը մեծացրել է ինքնագրաքննությունը։ Իշխանությունը շարունակում է տեղեկատվական տարածքը մանիպուլացնել իր շահերի համար։ Իշխանությունները ձերբակալությունների ալիք են իրականացրել անկախ առցանց լրատվամիջոցների, այդ թվում՝ Abzas-ի, Kanal 11-ի, Kanal 13-ի և Toplum TV-ի լրագրողների նկատմամբ։