AM
17 October 2024 - 06:50 AMT

ՔՊ փոխնախագահ. Չեմ կարող բացառել, որ Ադրբեջանը հարձակման համար հող է պատրաստում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի բացառում, որ Բաքուն հող է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար։

«Չեմ կարող բացառել, որ Ադրբեջանը, տորպեդահարելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ու չգալով լուծման՝ փաստացի հող է նախապատրաստում իր հարձակման համար, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հարձակում անելու համար», -ասել է Ալեքսանյանը, հայտնում է «Ազատությունը»։

Մոտ երկու ամիս է՝ Բաքվից չեն արձագանքում խաղաղության պայմանագրի տասներորդ տարբերակին, որը Հայաստանն ուղարկել էր օգոստոսի վերջին։ Այս շաբաթներին հետևողականորեն մերժել են նախագծի համաձայնեցված հոդվածները ստորագրելու, մյուսներն ապագային թողնելու Երևանի առաջարկը։

«Մենք երբեք չենք ասել, որ Ադրբեջանը ինքը հենց ցանկանում է խաղաղություն, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է խաղաղության համար: Մենք նման հայտարարություն չենք արել, որ մի հատ էլ ընդդիմադիր դաշտը լծված լինի դա հերքելուն: Մենք ասել ենք, որ մե՛ր նպատակն է՝ հաստատել խաղաղություն, որ դա մե՛ր օրակարգն է՝ հաստատել խաղաղություն ու կնքել խաղաղության պայմանագիր», – նշել է իշխող կուսակցության փոխնախագահը:

Ալեքսանյանը նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ Բաքուն հրապարակավ չի պատասխանել նաև վարչապետ Փաշինյանի Մոսկվայում արված առաջարկին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները, և նախքան Բաքվում COP29 համաժողովը ստորագրվի փաստաթուղթը:

«Թե՛ վարչապետի, թե՛ նախարարի արտաքին գործերի, թե՛ Ազգային ժողովի ներկայացուցիչների մակարդակով պետք է շարունակել և գուցե է՛լ ավելի ինտենսիվացնել՝ էն կոնտեքստով, որ աշխարհին պետք է շատ հստակ մատնացույց անել փաստը, որ ՀՀ–ն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրի ստորագրման և խաղաղության հաստատման համար, իսկ Ադրբեջանը փաստացի տորպեդահարում է այդ գործընթացը՝ հող նախապատրաստելով հարձակման համար», – ընդգծել է Ալեքսանյանը:

Հոկտեմբերի 15–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը։ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Նա հայկական կողմի առաջարկն անիրատեսական է անվանել։