AM
17 October 2024 - 09:04 AMT

Որոշ մարզերում գիշերը թաց ձյուն կտեղա․ Հոկտեմբերի 18–ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 17-ի ցերեկը, լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կնվազի, մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։