2024 թ. պետական բյուջեով կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի, նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունները պատշաճի կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։
Հիմնավորման մեջ ասվում է․ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, զբաղվում է նաև ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի կազմակերպմամբ։ Վերոնշյալ պաշտոնյաների օտարերկրյա այցելությունների աճով պայմանավորված՝ աճել է նաև պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատաեսված գումարները չեն բավականացրել»։
Կառավարության հիմավորման մեջ նշվում է, որ արտասահմանյան գործուղումների համար նախատեսված 51 միլիոն 64 հազար դրամն ամբողջությամբ սպառվել է և հետագա անխափան աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից պետական արարողակարգի ծառայությանը լրացուցիչ միջոցներ հատկացնել: