AM
17 October 2024 - 11:38 AMT

ՆԳՆ հորդորը՝ ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին: Այդ մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

«Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է, և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հերթերը ներկայումս բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է միաժամանակ սեզոնայնությամբ և ներդրված նոր համակարգի լուծումներով։ Հերթերի կառավարման համակարգը փոխվել է, և ներկայումս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։

Հերթագրումներն իրականացվում են հհամապատասխան հարթակի միջոցով։ Ամրագրում ունեցող քաղաքացիները սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով՝ իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիները սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։

ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է դիմումը գրելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ անձնագրի կորստյան դեպքում՝ 10-րդ աշխատանքային օրը։ Պետական տուրքը 1000 դրամ է։

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև սեղմ ժամկետներ անձնագրի փոխանակման համար և մատուցվում են արագացված ծառայություններ՝

– 1 աշխատանքային օր- 20 000 դրամ (հասանելի է Երևանում)

– 3 աշխատանքային օր -10 000 դրամ

Անձնագրի կորստյան դեպքում՝

– 1 աշխատանքային օր- 60 000 դրամ

– 3 աշխատանքային օր- 50 000 դրամ

– 5 աշխատանքային օր- 40 000 դրամ: