ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու տուրքերը կբարձրանան։ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիություն ստանալու տուրքը 1000 դրամի փոխարեն կդառնա 50,000 դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը՝ 25,000 դրամի փոխարեն կսահմանվի 150,000 դրամ։ Գործադիրը հավանություն է տվել նախագծին։
Նշվել է, որ այս մասով գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թ. և մոտ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ պետական տուրքի վերանայման կարգավորումն առաջարկվում է չտարածել փախստականների, այս թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Առաջարկվում է նաև փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից, ինչը դրականորեն կանդրադառնա թե՛ տվյալ անձանց, թե՛ ՀՀ միջազգային վարկի վրա:
Կառավարությունը նախատեսում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները։
Նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն, որի պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառում դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որից հետո նոր միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերը անձամբ ներկայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Ընդ որում՝ հնարավորություն է ընձեռնվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով, ուստի, դիմումատուն կկարողանա մինչև դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք, նոր ներկայացնել փաստաթղթերը։
Նախագծով նախատեսվում է նաև էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով՝ կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն։
Գործող օրենքը սահմանում է, որ եթե ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո՝ 5 տարվա ընթացքում պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր կամ առկա են քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր, ապա լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Ներկայացվող օրինագծով նախատեսվում է հինգ տարի ժամկետը փոխարինել տասը տարի ժամկետով, քանի որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստը պարզվում է անձնագրի փոխանակման ժամանակ /անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով/ և 5 տարվա վաղեմության ժամկետն անցած լինելու փաստով պայմանավորված անհնար է լինում քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց սկսելը։