Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրեր առաջ պլաստիկ վիրահատությունից քաղաքացու մահվան դեպքին, ասել է, որ լիցենզավորման պայմանները կխստացվեն։
Նա նաև տեղեկացրել է, որ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել դեպքը՝ լիցենզիոն պայմանների խախտում հայտնաբերելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը կամ կդադարեցնի, կամ կկասեցնի լիցենզիան, հայտնում է Արմենպրեսը:
«Շատ ցավալի դեպք է: Եվ ես հույս ունեմ, որ քրեական գործի շրջանակներում կբացահայտվեն պատճառները»,-ասել է Ավանեսյանը:
Առողջապահության նախարարությունը, նրա վստահեցմամբ, աշխատում է երկու ուղղությամբ, նախ՝ մշակելով քաղաքականությունը:
«Ընդհանուր առմամբ լիցենզավորման ոլորտում մենք գնում ենք պայմանների խստացման: Առաջիկայում կընդունվի կառավարության որոշման մի ամբողջ փաթեթ, որտեղ նաև այս գործունեության տեսակի համար լիցենզիոն պայմանները շատ ավելի բարձր նիշով են սահմանված լինելու»,-ասել է նախարարը:
Ավանեսյանը նշել է, որ այդպիսի կենտրոնների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեսչական մարմինները: Այս պահին էլ տեսչական մարմինն այդ կենտրոնում որոշակի ստուգումներ է իրականացնում:
«Եթե ստուգման արդյունքում հայտնաբերվի լիցենզիոն պայմանների որևէ խախտում, ապա տեսչական մարմինը կդիմի մեզ, և մենք կկասեցնենք կամ կդադարեցնենք լիցենզիան»,-վստահեցրեց նախարարը:Այսպիսով, կազմակերպությունն ունի լիցենզիա, լիցենզիայի պայմաններին հետևելու հանգամանքը պետք է տեսչական մարմինը պարզի:«Մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջական հանգամանքները, թե ինչն է եղել մահվան պատճառը, արդյոք տեղի է ունեցել բժշկական սխալ։ Եվ դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»,-նշել է Ավանեսյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի «Արթկոսմեդ» էսթեիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի վիրահատությունների ենթարկվելուց հետո կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ծայրահեղ ծանր վիճակում նրան տեղափոխել էին այլ բժշկական կենտրոն, սակայն կնոջ կյանքը փրկել չէր հաջողվել: