AM
17 October 2024 - 14:47 AMT

Ռուբեն Հակոբյանին հեռացրել են ԱԺ շենքից Սիմոնյանի հասցեին անձնական վիրավորանքների համար

Խորհրդարանական լսումների մասնակից նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հեռացվել է խորհրդարանի շենքից ԱԺ նախագահի հասցեին անձնական վիրավորական արտահայտությունների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։ Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,-ասվում է գրառման մեջ։

Մասնավորապես, նախկին պատգամավոր Հակոբյանն ելույթի ժամանակ բավական կոշտ քննադատել և վիրավորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխող ուժի մյուս ներկայացուցիչներին, իսկ Ալեն Սիմոնյանին անվանել «մարմնավաճառ», գրում է Factor.am-ը։

«Էս ամբիոնն էսօր ղեկավարում ա մի մարդ, որից ես ամաչում ու գետինն եմ մտնում, այցեքարտով մի մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով վարձատրվող թիկնապահների կարող է հրահանգել, որ բռնեն քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա»,- իր խոսքում նշել է նա։

Ելույթի ընթացքում Ռուբեն Հակոբյանը Փաշինյանին և նրա իշխանությունն անվանել է «ոհմակ», «հրեշներ» և այլն։

Խորհրդարանական լսումները հրավիրվել են հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։ Դրանք գումարվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։