Կապահովվի Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումը: Գործադիրն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշումը։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանի ստեղծման աշխատանքներն ավարտվել են, այժմ կամաց-կամաց մտնում են ծրագրի իրականացման շրջափուլ:
«Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու, կամ էլ սահմանափակված է լինելու։ Այսինքն՝ քաղաքի ներսում ավտոմեքենա շահագործելը նախատեսված չէ։ Ավտոմեքենաները տարածք մուտք կգործեն միայն մատակարարումների համար՝ որոշակի գրաֆիկով», -ասել է նա:
Կառավարության ղեկավարը հավելել է՝ անհրաժեշտ է ունենալ հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով և երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաքի շրջանցիկ ճանապարհ։
«Իհարկե, կա նաև ռազմավարական պատկերացում: Ես հույս ունեմ, որ մենք կսկսենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը: Զուտ հայեցակարգային պատկերացում կա, որ մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել և ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառ, հետագայում էլ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Այս պարագայում կստացվի, որ Երևանում կունենանք մետրոյի շրջանաձև երթևեկություն», – ասել է վարչապետը:
Ըստ հիմնավորման, նպատակահարմար է համարվել Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը պատվիրակել Իտալիայի օրենսդրության համաձայն հիմնադրված և գործող «Սիստեմատիկա» ընկերությանը: Վերջինս, որպես խորհրդատու մասնակիորեն ներգրավված է եղել «ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության կողմից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքներում։ Ընկերության հետ բանակցվել է ծառայությունների շրջանակը՝ այն համաձայնեցնելով նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ:
Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ փորձ ունեցող ընկերություն ներգրավելու պահանջով։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար ,b>Ժաննա Անդրեասյանը, այս առաջադրանքի շրջանակում նախատեսվում է ունենալ մի քանի հիմնարար արդյունք, որն էապես կօգնի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը:
«Նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ է դարձել, որ նմանատիպ ծրագրերի հաջողության հիմնական պայմաները տրանսպորտային կապվածությունն է և շարժունակության հնարավորությունները»,-ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ նախագծի շրջանակում ակնկալում են ստանալ տրանսպորտի մաստեր պլան: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի իրականացման ժամկետը պլանավորված է 8 ամիս։
Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:
Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: