ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հե հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային։
Անդրադարձ է կատարվել նաև մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին։
Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի։ Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման ու զարգացման հարցերը։
Սենատի նախագահը հայտնել է, որ Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հատկապես Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխական կողմին Հայաստան-ԵՄ սերտացման գործընթացում ավանդ ունենալու ցանկության ու այդ հարցում ունեցած դրական տրամադրվածության համար։
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։