ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանն իր ելույթում նշել է, որ որպես ներառական և ոչ խտրական տրանսպորտային կապերի երկարամյա ջատագով՝ Հայաստանն անկեղծ հետաքրքրված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։
Նա նշել է, որ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ։
«Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։ Այս նախագծի հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջև և դրանից անդին՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրագծերի վերակառուցման, կառուցման և շահագործման միջոցով։
Այս նախագծի իրականացման համար կարևոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավասորության հանդեպ հարգանք, ինչպես նաև հավասարություն և փոխադարձություն։ Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն։
Ուրախ եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր։ Ունենալով փոխադարձ հանձնառություն՝ ընդլայնելու մեր առևտրային և հաղորդակցային կապերը՝ Հայաստանը ձեռնարկում է ակտիվ գործնական քայլեր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, գնահատում է Չաբահար նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաև աշխատում է մեր երկրների միջև ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ»,–ասել է նա։
Նա նշել է, որ, ավելի զարգացնելով սահմանային ծառայությունների և մաքսային հսկողության հնարավորությունները հարևանների հետ, Հայաստանի սահմանապահ ծառայությունը 2025–ի հունվարի 1-ից ամբողջությամբ կստանձնի Հայաստան-Իրան սահմանային անցակետում գործողության ապահովումը։ Այս կապակցությամբ նա իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և ծառայության համար։
«Ուրախությամբ եմ հայտնում նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի համատեղ գնահատումից հետո Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ Բացի այդ, Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։
Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև:
Այս տեսլականը հաշվի առնելով, ինչպես դուք բոլորդ տեղյակ եք, մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,–ասել է Միրզոյանը։
Եզրափակելով՝ նա վերահաստատել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է և արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը և իր հարևանների հետ փոխկախվածության ամրապնդմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության և քաղաքական անկախության վրա։
Ավելի վաղ Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպման ավարտին մասնակից երկրները համատեղ հայտարարություն են ընդունելու։
Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անխախտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»: