AM
18 October 2024 - 14:29 AMT

Ապարանը` 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք: Հաղթողը ճանաչվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքներով, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։

Մրցույթի արդյունքները ներկայացվել ու ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած եզրափակիչ նիստում, որը վարում էր մրցութային հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ավելի վաղ իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելություններ հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման՝ դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը:

Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք էր հռչակվել Գավառը: